Ինժեներական գեոդեզիան հանդիսանում է բոլոր շինարարական գործընթացների սկիզբը: Գեոդեզիան ուսումնասիրում է երկրի ձևը և չափերը, քարտեզների, հատակագծերի և պրոֆիլի կազմումը, այսինքն երկրագնդի ֆիզիկական մակերևույթի պատկերումը համապատասխան միջավայրերում:
Գեոդեզիա և կադաստր կրթական ծրագիրը իր մեջ ներառում է գեոդեզիայի, կադաստրի, գեոկողմնորոշված տվյալների վերլուծության, ֆոտոգրամետրիայի, հեռահար զոնդավորման և մի շարք այլ ճյուղերի համախումբը և հանդիսանում է կրթական համակարգում հեռանկարային ուղղություն:
Գեոդեզիան սերտորեն կապված է աշխարհագրության, աստղագիտության, գեոֆիզիկայի, երկրաբանության և այլ գիտությունների հետ: Առանց գեոդեզիայի հնարավոր չէ որոշել երկրի առանձին կետերի կոորդինատները, կազմել տեղավայրի հատակագծերը տարբեր ճշտությամբ և մանրամասնությամբ ըստ պահանջվող մասշտաբի:
Առևտրային տնտեսության բարձր մակարդակ ունեցող պետություններում քարտեզագրա-գեոդեզիական ծառայությունը ունի կարևորագույն դերակատարում տնտեսության զարգացման ոլորտում: Քարտեզագրա-գեոդեզիական ծառայության զարգացման համար հիմք են հանդիսանում պետական մարմինները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից այն մասով, որքանով որ այդ գործառույթները վերաբերում են պետությանը և իրենց մեջ պարունակում են ազգային շահի տարրեր: Շատ երկրներում այդ թվում և ՀՀ-ում գեոդեզիստի կարգավիճակը ամրագրվում է օրենքով, կամ կառավարության կողմից հաստատված դրույթներով:
Բոլոր պետություններում քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների նպատակն է իրականացնել տարածքների քարտեզագրում համապատասխան ընդունված մասշտաբներով և իրականացնել դրանց ժամանակին թարմացումը: Սակայն, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, փոփոխվում են նաև այդ աշխատանքների հանդեպ պահանջները:
Ներկայումս գեոդեզիայի և քարտեզագրության զարգացումը աշխարհում դուրս է եկել ամբողջովին նոր փուլ, տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների, գործիքների ու սարքավորումների թռիչքաձև զարգացումը հանգեցրել է նրան, որ աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավտոմատացվել են:
Հայաստանի Հանրապետության կրթական, բիզնես և պետական կառավարման մարմինների քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտակա տարիներին ի հայտ է գալու կադրային բազայի խոշոր պահանջարկ, որը սկսել է դրսևորվել նաև ներկայումս և անհրաժեշտ են հստակ քայլեր ոլորտի զարգացման համար:
ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդիզիայի ամբիոնի մասնագետները և ուսանողները ակտիվ ներգրաված են մի շարք շինարարական և հետազոտական ծրագրերին։ Ամբիոնը իր մասնագիտական ներուժով աջակցում է ջրային ռեսուրսների կառավարման և զարգացման, ճանապարհաշինարարության, պատմամշակույթային հուշարձանների պահպանման, տուրիզմի զարգացման ծրագրերին։
Մեր շրջանավարտները համալրում են շինարական ընկերությունների, պետական մարմինների (ՀՀ Կառավարության առընթեր կադաստրի կոմիտե, Պետական գույքի կառավարմա վարչությու, գրեթե բոլոր նախարարություներ), հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների, չափագրությամբ և գեոդեզիայով զբաղվող ընկերությունների աշխատակիցների ժարքերը՝ ստանալով բարձր աշխատավարձ։