(010) 303-300
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ԿԱՄՈՒՐՋՆԵՐ, ԹՈՒՆԵԼՆԵՐ

Տրանսպորտային ուղիները՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք մեծապես որոշում են տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ համագործակցության աստիճանը: Տրանսպորտային ոլորտի մասնագետների խնդիրն է ապահովել առավել արդյունավետ ուղևորա-բեռնափոխադրումներ՝ ներդրումների օպտիմալ ծավալների սահմաններում:

Տրանսպորտային ուղիների պատշաճ գործունեության կարևոր պայմաններից է նրանցում հաճախ հանդիպող ենթակառուցվածքների՝ կամուրջների, ուղեանցների, էստակադների, թունելների ճշգրիտ նախագծումը, կառուցումը և պահպանումը:  Հայաստանի Հանրապետության տարածքը, լինելով հիմնականում լեռնային, պահանջում է մեծ քանակով տրանսպորտային ենթակառուցվածքների իրականացում: Դա մեծ պատասխանատվություն է դնում տրանսպորտային ճարտարագետների վրա, դարձնելով նրանց երկրի տնտեսության զարգացման կարևոր օղակներ:

Երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգի կարևոր տարրերից են օդանավակայաններն իրենց թռիչքուղիներով, որոնց պատշաճ իրականացումից մեծ բանով են կախված օդային փոխադրումների ծավալները և առաջարկվող ծառայությունների մակարդակը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն ավելի, քան յոթ տասնամյակ կրթում և պատրաստում է տրանսպորտային կամ  հաղորդակցության ուղիների  ճարտարագետներ, ովքեր նախագծում և կառուցում են մեր երկրի տրանսպորտային ոլորտի կարևորագույն շինությունները՝ ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին  համապատասխան:

Տրանսպորտային շինարարության ոլորտի մեր համալսարանն ավարտած մասնագետները ներկայումս հաջողությամբ աշխատում են ինչպես մեր երկրում՝ կրելով ոլորտի գոյատևման հիմնական պատասխանատվությունը, այնպես էլ բազմաթիվ արտասահմանյան երկրներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական որակներ: