(010) 303-300
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

1. Մասնագիտական գործունեության շրջանակները և խնդիրները

«Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ» մասնագետի գործունեության բնագավառները բազմազան են և ունեն բացառիկ կարևոր նշանակություն երկրի տնտեսության զարգացման գործում:

Մասնագիտության հիմնական խնդիրներն են՝ ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, տնտեսության մեջ համալիր օգտագործումը, գետերի հունակարգավորման աշխատանքների կատարումը, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը, արհեստական ջրամբարների և պոչամբարների նախագծումը, կառուցումը և այլն:

Ջրային ռեսուրսների համալիր օգտագործմանը համապատասխան փոփոխվում են մասնագիտության գործունեության ոլորտները: Դրանցից հիմնական և ամենակարևորներն են՝ հիդրոտեխնիկական (ինժեներական) մելիորացիան, հիդրոէներգետիկան ջրային տրանսպորտը, ջրային ընդերքի օգտագործումը և այլն:

2.Մասնագիտության առանձնահատկությունները

 Մասնագիտության ոլորտի կառուցվածքների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հիմնականում աշխատում են ջրի ազդեցության պայմաններում:

Ջրային համակարգերի շինարարության և շահագործման մասնագետը իր գործունեության շրջանակներում կարող է աշխատել նշված ոլորտների կառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման օբյեկտներում: Բացի նախագծային և շինարարական աշխատանքներից, մասնագետները իրականացնում են շահագործման մեջ գտնվող կառուցվածքների և սարքավորումների վիճակի դիտարկումներ, կատարում են դրանց պրոֆիլակտիկ և կապիտալ վերանորոգումներ, տեխնիկական առաջընթացին համապատասխան իրականացնում վերակառուցման աշխատանքներ:

3.Կառուցվածքը

Հիդրոտեխնիկական շինարարություն՝ որի կառուցվածքներն են՝ գրունտային, բետոնային, ե/բ պատվարներով հիդրոհանգույցներ, վարարային  ջրհեռներ (հորանային, խրամուղային, արագահոս), օգտակար ելքերի ջրատարներ (ակվեդուկներ, դյուկերներ, դերիվացիոն ջրանցքներ), հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ), հիդրոկուտակիչ էլեկտրակայանները (ՀԿԷԿ), ստորգետնյա կառուցվածքները, ջրային ուղիները (շլյուզներ, նավավերամբարձներ) և այլն: