(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«XXX ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՍՏՈՒԳԱՏԵՍԻ» ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «XXX Ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների միջազգային մրցույթ-ստուգատեսի» դիպլոմների հանձնման արարողությունը:

Միջոցառման սկզբում ողջույնի շնորհավորական խոսքով հանդես եկավ  ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը և հույս հայտնեց, որ նման առաջատար մրցանակային տեղեր զբաղեցնելը խթան կհանդիսանա, որ մեր ուսանողները էլ ավելի բարելավեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները: «Նման հեղինակավոր մրցույթներում առաջատար տեղեր զբաղեցնելը պատիվ է բերում ոչ միայն մասնակիցներին, այլև նրանց ղեկավարներին, ընտանիքներին և, իհարկե, համալսարանին: Ինչպես ցանկացած միջազգային իրադարձություն, այս մրցույթը ևս, մասնագիտական մրցակցությունից զատ, ուներ նաև ազգային մրցակցային տարր, առանձնահատուկ շնորհակալ եմ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,−հավելեց պարոն Վարդանյանը:

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը միանալով պարոն Վարդանյանի շնորհավորական խոսքերին, շնորհավորեց մասնակիցներին ու նրանց ղեկավարներին՝ մրցույթում լավագույնս ներկայանալու ու համալսարանի անունը բարձր պահելու համար: Պարոն Մելիքյանը նշեց, որ միջազգային հարթակում հաղթանակ գրանցելով՝ մասնակիցները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մրցունակ ենք մասնագիտական շուկայում:

Ելույթով հանդես եկավ նաև ՃՇՀԱՀ ինտերիերի և դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ դիզայներների և դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ Ռուբեն Բուբուշյանը՝ նշելով, որ այս տարվա արդյունքներն իրենց աննախադեպությամբ Դիզայնի ֆակուլտետի համար, իրոք, լուրջ հաղթանակ են:  

Այս տարի առաջին կարգի դիպլոմի են արժանացել ՃՇՀԱՀ 9 ուսանող, երկրորդ կարգի դիպլոմի` 4 ուսանող, և 6 դասախոս արժանացել է լաուրեատի դիպլոմի: Առանձին ուսանողների նաև տրվեցին 11 հատուկ դիպլոմներ տարբեր միավորումների (ՌԴ դիզայներների միավորում, «Դիզայներների ասոցիացիա» միջազգային հասարակական միավորում, Դիզայնի ազգային ակադեմիա, Նովոսիբիրսկի Ա. Դ. Կրյաչկովի անվան ճարտարապետության, դիզայնի և արվեստի պետական համալսարան) կողմից:

Դիպլոմների հանձնման արարողակարգի ավարտին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ևս մեկ անգամ շնորհավորեց մասնակիցներին: Նա նշեց, որ նշաձողն արդեն սահմանված է, և ոչ միայն պետք է փորձել ուսումնական գործընթացում, նախագծերի, գիտական գործունեության մեջ պահել այս արդյունքը, այլև ավելի բարձրացնել այն:

«Ինձ համար մեծ պատիվ է ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի անդամ լինելը, մեծ հպարտություն է ունենալ դասախոսներ, որոնք սատարում են մեզ ամեն հարցում: Ձեր օրինակով ենք մենք սովորել այսպիսի սիրով ու նվիրումով կատարել մեր աշխատանքը»,− ընդգծեց մրցույթի մասնակից, մրցանակակիր, ՃՇՀԱՀ ուսանող Նոննա Հովհաննիսյանը:

 

05.05.22