(010) 303-300

INNOTEK ԴԱՍԱՐԱՆ՝ ՃՇՀԱՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Շինարարական ոլորտում կիրառական և նորարարական կրթության զարգացմանը նպաստելու նպատակով, INNOTEK ընկերությունը, համագործակցելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ, ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում հիմնադրել է նորարար պրակտիկ ուսուցման դասարան։

Նախաձեռնության շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան շինարարության ոլորտում գործնական հմտություններ ձեռք բերել՝ կիրառելով առաջատար տեխնոլոգիաներ ու աշխատելով իրական պայմաններին մոտեցված միջավայրում։

Նորաբաց դասարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիական միջոցներով, որոնք ոչ միայն աջակցում են գործնական ուսուցմանը, այլև ուսանողներին մոտեցնում են ոլորտի միջազգային չափանիշներին։ Բացի գործնական բաղադրիչից, ուսուցման գործընթացը ներառում է տեսական դասընթացներ՝ շինանյութերի տեսակների, դրանց հատկությունների և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ։

Ուսուցման գործընթացում ներգրավված են լինելու ինչպես ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի փորձառու դասախոսները, այնպես էլ INNOTEK ընկերության արտասահմանից հրավիրված մասնագետները։

«Մենք հավատում ենք, որ որակյալ արդյունքը սկսվում է ճիշտ կրթությունից։ Այս նախաձեռնությամբ INNOTEK-ն իր ներդրումն է կատարում նոր սերնդի մասնագիտական զարգացման մեջ՝ միավորելով տեսությունը պրակտիկայի հետ։ Սա թույլ է տալիս համալսարանին պատրաստել աշխատաշուկայի միջազգային չափանիշներին համապատասխանող կադրեր քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ոլորտում։ Շինարարության կառավարումը Հայաստանում զարգացող և պահանջված ուղղություն է, և մեզ անհրաժեշտ են ժամանակակից, լավ պատրաստված մասնագետներ», – նշեց INNOTEK ընկերության հիմնադիր Միհրան Մեհրաբյանը։

INNOTEK դասարանի բացման պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, դասախոսական կազմը, ուսանողները և ոլորտի այլ ներկայացուցիչները։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մ. Բարսեղյանը միջոցառման ժամանակ նշեց. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար կրթության գործնական բաղադրիչի զարգացումը եղել և շարունակում է մնալ ռազմավարական ուղղություն։ INNOTEK ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված այս ծրագիրը խոսում է այն մասին, որ մասնագիտական կրթությունը պետք է հիմնվի ոչ միայն տեսական գիտելիքների, այլև գործնական փորձառության վրա։ Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կդառնա մի հարթակ, որտեղ ուսանողները կհզորացնեն իրենց գիտելիքները, կկառուցեն մասնագիտական վստահություն և կձևավորեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ»։

Այս նախաձեռնությունն INNOTEK-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերի հերթական քայլն է, որը միտված է շինարարական ոլորտում մասնագետների վերապատրաստման ու որակի բարձրացմանը՝ համահունչ ժամանակակից պահանջներին։

23.05.25