2018 թվականի մայիսի 10-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանում (ճՇՀԱՀ) «Զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերի միջառարկայական բարեփոխումներ» Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում կայացավ նախագծի հերթական վարչական հանդիպումը, որին մասնակցեցին ծրագրում ներգրավված վեց երկրներից գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնավորապես ներկա էին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանից (Իսպանիա) ծրագրի համակարգող` Լուիս Անգել Ռուիզ Ֆերնանդեզը, Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտից (Շվեդիա)՝ Հուան Ֆանը, Բոլոնիայի համալսարանից (Իտալիա)՝ Լաուրա Վիսին, Դեսալոնիկի Արիստոտելի համալսարանից (Հունաստան)՝ Նիկոլաս Կապանիկոլասը և Դիմիտրիս Կաիմազիսը, Վրաստանի «ԳեոԳրաֆիկ» ՍՊԸ-ից Մամուկա Գվիլավան, Բաթումիի Շոթա Ռուստավելիի անվան համալսարանից՝ Իրակլի Կորդզաիան, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Գիտության և կրթության բարեփոխումների հիմնադրամի (Հայաստան), Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի, ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցած 21 պատվիրակները ոչ միայն ծանոթացան HERITAG ծրագրի առաջընթացին ըստ աշխատանքային փաթեթների, այլև նախանշեցին ծրագրի հետագա զարգացման ուղիները: