(010) 303-300

Govern տեմպուս նախագիծ. Արտաքին գնահատման այց ՃՇՀԱՀ սույն թվականի մարտի 30-31-ին

2014 թվականի հունվարից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) այլ գործընկեր համալսարանների/ հաստատությունների հետ միասին, իրականացնում է GOVERN Տեմպուս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել կառավարման վերին և միջին վարչական օղակների կարողությունները` հնարավորություն տալով իրականացնելու Բոլոնիայի գործընթացները, կառավարման համակարգը հարմարեցնելով ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի բաշխման, մարդկային ռեսուրսների կառավարման, ուսումնական ծրագրերի և ուսանողների շարժունության ցուցանիշների և չափանիշների կիրառման, ակադեմիական ծրագրերի և ակադեմիական ծառայությունների կառավարման ոլորտների նկատմամբ կիրառման նոր մոտեցումներին :

Սույն թվականի մարտի 30-31-ին GOVERN Տեմպուս ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ այցելեց արտաքին գնահատման փորձագետների խումբը: Փորձագիտական խմբում ներառված էին Բաթ քաղաքի Սպա համալսարանի (Մեծ Բրիտանիա, փորձագետ՝ Դանա Ռուջիերո), ASIIN հավատարմագրման կազմակերպության (Գերմանիա, փորձագետ՝ Յանա Մյոհրեն), ՈԱԱԿ-ի (Հայաստանի Հանրապետություն, փորձագետ՝ Անի Մկրտչյան), Հայաստանի ամերիկյան համալսարանի (փորձագետ՝ Իրշատ Մդյարով), Երևանի պետական համալսարանի (փորձագետ՝ Լարա Ալավերդյան) ներկայացուցիչները:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր` պարոն Գագիկ Գալստյանը ողջունեց փորձագիտական խմբին և հայտնեց իր գոհունակությունը համալսարանի գործունեության մասին արտաքին տեսակետ լսելու վերաբերյալ: Արտաքին գնահատման փորձագիտական խումբը հանդիպեց ՃՇՀԱՀ-ի ղեկավարության (ռեկտոր Գ. Գալստյանի, պրոռեկտորներ Ա. Բարխուդարյանի, Յու. Սաֆարյանի, Վ. Եդոյանի, գիտական քարտուղար Լ. Լևոնյանի), GOVERN ծրագրի աշխատանքային խմբի, Որակի ապահովման կազմի, ակադեմիական ծրագրերի ղեկավարների, դասավանդման անձնակազմի և ուսանողների հետ: ՃՇՀԱՀ-ի՝ հանդիպումներին մասնակցած ներկայացուցիչները սպառիչ պատասխանններ տվեցին փորձագետների մի շարք հարցերին: Փորձագետները շնորհակալություն հայտնեցին ՃՇՀԱՀ-ի ղեկավարությանը, մասնավորապես ռեկտոր պարոն Գալստյանին` ՃՇՀԱՀ-ի անձնակազմի հետ թափանցիկ քննարկումներ անցկացնելու հնարավորություն ստեղծելու համար:

06.04.17