(010) 303-300

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏԱԳՐԵԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023-2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել երկու անգամ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին ու հունիսին,

2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին ու հուլիսին,

3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա ու նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկ-րացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին ու հուլիսին։

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող ու նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիների կողմից կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Միասնական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Երկրորդ փուլում միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից   կիրականացվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:

 Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝  հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում:

Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում (հունվար-փետրվար ամիսներին անցկացվող) դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ  վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Հաջորդ փուլում (հունիս-հուլիս ամիսներին անցկացվող) դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության ն դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

28.11.22