Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դեկանների, ամբիոնի վարիչների և գիտաշխատողների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ գիտական մտքի ներուժն առավել բարձրացնելու, մասնագետների և ուսանողների հետաքրքրությունը գիտության նկատմամբ մեծացնելու նպատակով:
Քննարկման ընթացքում ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանն առաջարկեց վերանայել գիտահետազոտական սեկտորի գործունեության կարգը և որոշակի փոփոխություներ մտցնել, մասնավորապես, թեմաների ընտրության և կազմակերպչական հարցերում:
Խորհրդակցության ներկաները նշեցին, որ փոփոխություններն անհրաժեշտ են, քանզի խիստ արդիական են և նպաստավոր՝ մոտ ապագայում գիտության ոլորտում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար: Միևնույն ժամանակ, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը և պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը, կարևորելով քննարկվող հարցը, ներկայացրեցին իրենց առաջարկները:
Հանդիպման ավարտին՝ պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց գիտական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետներին և հույս հայտնեց, որ նմանատիպ խորհրդակցությունները համատեղ մտքերը ժողովելու և մեկ ընդհանուր՝ համալսարանի գիտության զարգացման համար առավել արդյունավետ կարգ մշակելու լավագույն տարբերակն են: