(010) 303-300

Օգնություն եվ զորակցություն՝ առաջնագծի զինվորներին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդն ու Կարիերայի կենտրոնն օրեր առաջ են վերադարձել Արցախից: Ուսանողները հայկական երկրորդ հանրապետությունում էին՝ իրենց հոգեբանական, նյութական ու ֆինանսական օգնությունը առաջնագծում կանգնած զինվորներին փոխանցելու համար: Նրանք համալսարանի դասախոսների և ուսանողների կողմից զինվորներին նվիրաբերեցին դեղորայք, սննդամթերք, հագուստ, տնտեսական ապրանքներ և առաջին անհրաժեշտության իրեր:

Մեզ հետ զրույցում Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը հայտնեց, որ հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված օպերատիվ շտաբի ներկայացուցչի հետ, ում ուղեկցությամբ այցելել են պահեստներ՝ հանձնելու օգնությունը: Մեր համալսարանը, ինչպես նաև Ուսանողական խորհուրդը ԼՂՀ վարչապետի կողմից արժանացել են շնորհակալագրերի:

Փոխանցելով արցախյան մարտական տրամադրությունը՝ Հ. Հովեյանը նկատեց, որ Ստեփանակերտի յուրաքանչյուր քաղաքացի հոգեբանական բարձր պատրաստվածություն էր դրսևորում պատերազմի նկատմամբ՝ խաղաղության կոչով, բայց և ամեն վայրկյան պատրաստ՝ մեկնելու մարտադաշտ: Նրա խոսքերով՝ առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև մեր բոլոր ուսանողները, նույնիսկ աղջիկներն են Արցախում մնալու ցանկություն ունեցել՝ անհրաժեշտության դեպքում կենցաղային որևէ գործում զինվորին օգտակար լինելու համար:

Ի դեպ,  Հ. Հովեյանը տեղեկացրեց, որ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ քննարկման արդյունքում որոշվել է՝ հարկ եղած դեպքում կազմել շինարարական ջոկատներ՝ հետպատերազմական վիճակում գտնվող բնակավայրերին օգնություն ցուցաբերելու համար:

18.04.16