(010) 303-300

ՔՈ ՍԱՆՏԱՆ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Է, ՓՈՔՐԻ´Կ

«…Ես կոնֆետներ եմ ուզում… Ես՝ մեծ տոնածառ, երգող կամ պարող տիկնիկ… Ես զինվոր եմ, զենք եմ ուզում… Իսկ ես միայն ուզում եմ, որ մայրիկս առողջանա…»:

Նոր տարին հրաշքներին հավատալու տոն է, տոն, որի հրաշքներն իրականացնում է փոքրիկների ամենասիրելի, ամենակարող ու խորհրդավոր բարեկամը՝ Ձմեռ պապը: Այս տարի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների փոքրիկներից շատերի երազանքն անկատար չի մնա՝ շնորհիվ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի և Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի մտահղացման:

Շաբաթներ առաջ հենց նրանք նախաձեռնեցին «Դարձի´ր Սանտա» մարդասիրական, բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում հավաքագրվեցին սահմանամերձ գյուղերում բնակվող 3-10 տարեկան փոքրիկների՝ Ձմեռ պապիկին ուղղված ամանորյա նամակները:

Այսօր շուրջ 100 նամակ՝ շարադրված մեծ հույսով, մանկան անկեղծ սիրով և անպատմելի սպասումով, փնտրում էր իր հրաշագործ Ձմեռ պապին՝ համալսարանի ղեկավարության, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների շարքերում: Պատահականությամբ սկզբունքով ընտրելով նամակը՝ նրանցից յուրաքանչյուրը դարձավ այն գաղտնի Սանտան, ում սրտատրոփ սպասում է յուրաքանչյուր փոքրիկ նամակագիր:

Արդեն ուրբաթ օրը բոլորի նվերները կազմ ու պատրաստ կսպասեն իրենց հասցեատերերին, իսկ շաբաթ և կիրակի, Ուսխորհրդի անդամները, Ձմեռ պապիկի կախարդական հանդերձանքով, կմեկնեն սահմանամերձ գյուղեր՝ փոքրիկների նվերները հանձնելու և հավատացնելու, որ ամանորյա երազանքներն իրականանալի են: 

24.12.19