(010) 303-300

Քոլեջում հոբելյանական աշուն էր

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական միջին մասնագիտական քոլեջում աշնանային գունեղ եռուզեռ էր՝ Ոսկե աշուն: Այս տարի միջոցառումն առավել կարևոր ու հատկանշական էր, քանի որ հոբելյանական էր թե համալսարանի, թե քոլեջի համար: ՙՀետադարձ հայացք քոլեջի պատմությանը՚. այս խորագրի ներքո էր 95 տարեկան քոլեջը հիշում անցած ուղին, նշանավոր շրջանավարտներին և շնորհակալական պարգևներ հանձնում քոլեջի երախտավորներին:

Տոնական ցերեկույթին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, ԿԳ նախարարության աշխատակիցներ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանի գիտքարտուղար Լևոն Լևոնյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դիզայնի ֆակուլտետի փոխդեկան  Թամարա Սարգսյանը, դպրոցի տնօրեններ, դասախոսներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեց քոլեջի ողջ անձնակազմին՝ հոբելյանի առթիվ՝ նշելով, որ այն ճարտարապետաշինարարական կադրերի դաբնոց է, որն անցել է պատվի ու նվիրումի մեծ ճանապարհ: Ռեկտորը հատկանշական համարեց, որ, գտնվելով ՃՇՀԱՀ-ի կազմում, քոլեջի ղեկավարությունը ջանքեր չի խնայում ժամանակի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար, իսկ առաջիկա ծրագրերում նախատեսված է մի շարք ժամանակակից արհեստանոցների ստեղծումը, քոլեջի լսարանների բարեկարգումը և վերանորոգումը:

Աշնանային ու հոբելյանական միջոցառումը կարևորվեց նաև քոլեջի նվիրյալներին պագևատրվելու առումով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը տնօրեն Անահիտ Հովհաննիսյանին պատվոգիր հանձնեց, իսկ ռեկտոր Գալստյանը պարգևատրեց ՃՇՀԱՀ-ի ոսկե մեդալով: Համալսարանի արծաթե մեդալին էլ արժանացավ ՃՇՀԱՀ-ի լեզուների ամբիոնի, նաև քոլեջի դասախոս Պայծառ Գրիգորյանը: Իր հերթին՝ տիկին Հովհաննիսյանը պատվոգրեր հանձնեց քոլեջի մի խումբ դասախոսների:

09.11.16