Նոյեմբերի 22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց տեղեկատվական սեմինար՝ Էրազմուս+ ծրագրի՝ Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ՝ որպես Էրազմուս+ տեղեկատվական օրերի տրամաբանական շարունակություն։ Աշխատաժողովին ներկա էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին, ողջույնի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան:
Աշխատաժողովին, որը վարում էր ՃՇՀԱՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը՝ իր աշխատանքային խմբով, մանրամասն ներկայացվեցին Կարողությունների զարգացման ծրագրերին դիմելու նախապայմանները, հայտերի մշակման գործընթացը, ինչպես նաև ծրագրային առաջարկների բովանդակության, բյուջեի, տեխնիկական և այլ ասպեկտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։ Հանդիպումն ուղեկցվեց բազմաթիվ հարցերով ու քննարկումներով։