Աշխատանքային այցով ՃՇՀԱՀ-ում էր Մոսկվայի քարտեզագրության և գեոդեզիայի պետական համալսարանի կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Տատյանա Կրիլովան: Հանդիպմանը ներկա էին կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, Միջազգային կապերի և համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հակոբյանը, ԱՊՀ երկերների հետ ծրագրերի համակարգող Կարինա Հովհաննիսյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի տ.գ.թ Անուշ Մարգարյանը և դասախոս Վարդան Ղարիբյանը:
Այցը, որը նախաձեռնել էր ռուսաստանյան կողմը, նպատակաուղղված էր ուսանողների հետ տարվող աշխատանքների ծանոթացմանը, ներառում էր մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրում ու քննարկում, որոնց շարքում՝ ուսանող-գործատու կապերի ամրապնդմանը, ուսանողներին հետագայում աշխատանքով ապահովելուն, շրջանավարտների կարիերայի զարգացմանը նպաստելուն առնչվող հարցեր, ինչպես նաև Ուսանողական խորհրդի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում պրոռեկտոր Գ. Ստեփանյանը հակիրճ ներկայացրեց կրթական ծրագրերի ուղղությամբ կատարվող բարեփոխումների ծրագիրը, որի արդյունքում կարևորվում է լրացուցիչ կրթությունը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա շրջանավարտ-բուհ կապի ամրապնդմանը:
Երկու կողմերը ներկայացրին ոլորտի խնդիրները, ընդգծեցին համալսարանի ակտիվ համագործակցությունը գործատուների հետ, ինչպես նաև կարևորեցին ուսանողների ներգրավվածությունը համալսարանական կյանքում, որը ապահովում է Ուսանողական խորհուրդը։
Հանդիպումը հնարավորություն տվեց փորձի փոխանակմամբ ծանոթանալ երկու բուհերում ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքներին և պայմանավորվածություն ձեռք բերվեց էլ ավելի խորացնել համատեղ ծրագրերի շրջանակում համագործակցությունը։