(010) 303-300

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՀԵՆԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Չինաստանի Հենանի քաղաքաշինության համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ամրապնդել երկու հաստատությունների բարեկամական կապերը, զարգացնել ակադեմիական հետազոտությունները և ընդլայնել կրթական համագործակցությունը։

Հուշագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով․

  • ակադեմիական անձնակազմերի փոխանակում՝ հետազոտությունների, դասավանդման և հատուկ դասընթացների իրականացման նպատակով,
  • համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում,
  • բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ստորագրման արարողության ընթացքում ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը կարևորեց այս նշանակալի քայլը՝ նշելով․

«Հուշագրի ստորագրումը ամուր հիմք է համալսարանների միջև ակադեմիական համագործակցության համար։ Այն կնպաստի ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի ընդլայնմանը, համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների, հետազոտողների ու ուսանողների փոխանակմանը։ Մեր գործընկերներին սիրով հրավիրում եմ այցելել Հայաստան՝ առարկայական բանակցությունների և համագործակցության մանրամասների հստակեցման նպատակով»։

Այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում երկու համալսարանների միջև՝ նպաստելով միջազգային կրթական միջավայրի զարգացմանը, գիտական ներուժի համատեղ օգտագործմանը և մշակութային կապերի ամրապնդմանը։

01.10.25