(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՏԻՊՈԳՐԱՖԻԿԱ ԵՎ ՇՐԻՖՏ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Օրերս կայացավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Տիպոգրաֆիկա և շրիֆտ» առարկայի ուսանողական նախագծերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը մեկնարկեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի ողջույնի խոսքով: Վերջինս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը ի դեմս ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ցուցաբերած աջակցության և ցուցահանդեսի բացմանը անձամբ մասնակցելու համար:

Պարոն Բաղդասարյանը նշեց. «Աշխատանքներին նայելիս կարող եք տեսնել՝ մոտեցման ինչ հետաքրքիր դրսևորումներ կան՝ տառային արվեստի նոր մատուցման, նոր գրագիտության, նոր հետաքրքիր հարցերի մեկնաբանման համար: Աշխատանքները շատ բազմազան են և՛ տոնային, և՛ կոմպոզիցիոն կատարման, և՛ գծային, և՛ խնդիրների համատեղման: Ցուցահանդեսը ինքն իրենով շատ կարևոր է նաև առարկայի ներկայացման և կայացման համար: Մենք տարիներ շարունակ ուսումնասիրում ենք առարկան, և շրջանավարտները կյանք մտնելով արդեն տիրապետում են հայկական տառատեսակի ոչ միայն գոյություն ունեցող, այլև հեղինակային նոր տառատեսակների ամբողջական կատարմանը: Պատահական չէ, որ այս դրվածքը շատ անգամ բերում է նաև ավարտական թեմաների ընտրության հայկական տառատեսակների ուղղվածությամբ, նույնիսկ մագիստրատուրայում»:

Ցուցահանդեսը կազմակերպել էին Դիզայնի ֆակուլտետի դոցենտ Տիգրան Սոսոյանը և դասախոս Սոֆի Բալայանը: Նրանք առարկայական ծրագրի շրջանակներում հավաքվել էր Դիզայնի ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների աշխատանքները որպես ցուցահանդեսի նյութ: Ցուցասրահում ներկայացված են հայկական տառատեսակները, որոնք երկար տարիներ չեն մշակվել, սակայն այսօր ստացել են նոր տեսք՝ դիզայնի ոլորտում սովորող ուսանողների կատարած աշխատանքների շնորհիվ:

Պարոն Սոսոյանը նշեց. «Սա մեր թվով 2-րդ ցուցահանդեսն է, և մենք ցանկանում ենք այս միջոցառումը դարձնել պարբերական՝ ներկայացնելով 1-ին և 2-րդ կուրսեցիների աշխատանքները: Եվ արդեն ունենք առաջընթաց, 2-րդ կուրսի ուսանողները կարողանում են թվայնացնել իրենց աշխատանքները: Սա պատահական չէ, այլ նրա համար է, որ 2-րդ կուրսի ուսանողները արդեն կարողանան գիտելիքներով զինված մտնել աշխատաշուկա: Ցուցասրահում ներկայացված աշխատանքների մեջ կարող եք տեսնել նաև համակարգչով արված աշխատանքներ, ինչն արդեն իսկ խոսում է ուսանողների ծրագրային տեղեկացվածության մասին»:

Միջոցառման վերջում պարոն Բաղդասարյանը հավելեց. «Ցուցասրահում իր տեղն է գտել նաև Ամանորյա տոնածառը, որը ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի նախաձեռնությամբ կազմակերպված հեղինակային նախագիծ մրցույթում հաղթած տարբերակն է: Հաղթողը Դիզայն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Խաչատրյանն է։ Ձևավորմանը մասնակցել են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը և, իհարկե, ուսանողները: Արդյունքում համալսարանը ունի դիզայներական տոնածառ»:

09.01.24