Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվել է Երկրատարածական տվյալների կառավարման (ԱՏՀ/GIS) մասնագետների վերապատրաստման ծրագրի առաջին փուլը։ Դասընթացին մասնակցել ու հաջողությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի «Գեոմատիկայի կենտրոն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստորաբաժանումների, Գեոդեզիայի և Հողաշինարարության վարչության, Ներքին վերահսկողության վարչության տարածքային ստորաբաժանումների 42 աշխատակից։
Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ վերապատրաստման դասընթացները․
Դասընթացների բովանդակությանը համապատասխան՝ կազմվել է ձեռնարկ, որը կարող է օգտակար լինել ինչպես դասընթացին մասնակցած աշխատակիցների, այնպես էլ չմասնակցողների ու աշխատանքի նոր ընդունվողների համար։
Վկայականները համալսարանի կողմից հանձնեց ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը: Միջոցառմանը ներկա էին Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Նորարարության և ձեռներեցության կենտրոնի ղեկավար Լուսինե Հարությունյանը:
Իր խոսքում պարոն Հովեյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեին՝ ի դեմս նախագահ Սուրեն Թովմասյանի՝ ընդգծելով, որ համալսարանը շատ է կարևորում պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը, քանի որ այն ծառայում է ոչ միայն ակադեմիական միջավայրին, այլ նաև պետական ռեսուրսների արդյունավետության բարձրացմանը:
«Հարգելի՛ գործընկերներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգահին համալսարանի ռեկտորի և անձամբ իմ անունից թո՛ւյլ տվեք շնորհավորել ու շնորհակալություն հայտնել ձեզ համալսարանի հետ ունեցած գեղեցիկ համագործակցության առթիվ: Վերապատրաստման ավարտական վկայականների հանձնման օրը խորհրդանշական է. այսօր «GIS» ծրագրերի միջազգային օրն է: Շատ կարևոր է, որ ակադեմիական միջավայրում ձեռք բերված գիտելիքները կիրառվեն ամենօրյա աշխատանքում՝ նպաստելով մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Շնորհավորում եմ մեր այսօրվա շրջանավարտներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ իրենց մասնագիտական գործունեության մեջ: Վստահեցնում եմ՝ համալսարանը կանի ամեն հնարավորը, որ ծրագիրը կրի շարունակական բնույթ»:
Վարազդատ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Ուրախ ենք, որ այսօր ամփոփում ենք վերապատրաստման դասընթացների ավարտը: Մեր համագործակցույթունը Կադաստրի կոմիտեի հետ ստացվեց առաջին փուլի արդյունքների հիման վրա, և ներկայումս շարունակվում է երկրորդ փուլը»:
Լուսինե Հարությունյանը ուրախությամբ փաստեց, որ շատ կարևոր է, որ վերապատրաստման դասընթացները վստահվեցին հենց մեր համալսարանին:
Հարկ է նշել, որ ծրագիրը առնչվում էր երկրատարածական տվյալների կառավարման մասնագետների վարապատրաստմանը, որի հիմնական նպատակն է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների մոտ ձևավորել ու ամրապնդել տարածական տվյալների կառավարման վերաբերյալ տեսական ու կիրառական գիտելիքներ, ծանոթացնել աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաների տեսական ու գործնական հիմունքներին, ինչպես նաև նպաստել Կադաստրի կոմիտեի և հանրային կառավարման այլ մարմինների միջև տվյալների փոխանակման դյուրացմանն ու դրանց հավաստիության բարձրացմանը: Կատարվել է ամփոփիչ ատեստավորում, և ստացված արդյունքների հիման վրա առանձնացվել է մասնակիցների երկու խումբ, որում ընդգրկված մասնակիցները հաջողությամբ ու գերազանցությամբ են ավարտել դասընթացը: