Տեղի ունեցավ քաղաքաշինության զարգացմանն ու ֆինանսավորմանը նվիրված վեբինար, որը կազմակերպել էին ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ու Քաղաքաշինության ամբիոնները: Վեբինարը վարեց և «Քաղաքաշինական նախագծերի տնտեսական և իրավական խնդիրները» թեման լուսաբանեց Լիսաբոնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դասախոս, քաղաքաշինության փորձագետ Ժոաո Մանուել Կարվալյոն: Վեբինարին հրավերով մասնակցում էր նաև Տյումենի ինդուստրիալ համալսարանը (ТИУ):
Միջազգային համագործակցությանն ու գիտելիքների փոխանակմանը նպատակաուղղված այս միջոցառումը կարևորվեց առաջին հերթին արդիական հարցերի քննարկմամբ: Մասնակիցները հնարավորություն ստացան ոլորտային բազմաբնույթ հարցեր քննարկելու, ինչպես նաև տեղեկություններ ստանալու քաղաքաշինության զարգացման միտումների, նախագծերի, քաղաքաշինության գործընթացում կիրառվող իրավական նոր գործիքների, օրենքների մասին: Քննարկվեցին նաև քաղաքաշինական նախագծերի ֆինանսավորման խնդիրները, դրանց տնտեսական արդյունավետությունը պայմանավորող գործոնները:
Նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական և անպայմանորեն կնպաստեն ոչ միայն միջազգային կապերի ամրապնդմանը, մասնագետների համագործակցությանը, այլև ոլորտային բազմաթիվ խնդիրների լուծման նոր ուղիներ կնախանշեն: