ՙՍիրո ուժն է անհաղթ՚. այս հավատով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվեց սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդեսը: Այսօր համալսարանում ուսանողների համար այն երանելի օրերից էր, երբ իրենց սրտի ու երևակայության խոսքը հնարավորություն ունեին հասցնելու մարդկանց: Արդեն երկրորդ տարին Արարատյան Հայրապետական թեմի, մեր համալսարանի և Ուսանողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծագործ ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նկարների, քանդակի և կիրառական արվեստի բնագավառներում:
Մրցույթի բացման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Եսայի քահանա Արթենյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Սիրո տոնի առթիվ՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը կարևորեց մրցույթի շարունակական ու ավանդական լինելու փաստը, որը ևս մեկ հնարավորություն է ինքնադրսևորվելու և արտահայտելու սերը:
Մրցույթին մասնակից 20 ուսանողների աշխատանքներից հորդող սերը՝ առ ամենքն ու ամեն ինչն էր: Օրհնելով և Աստծո պատգամներն ուսանողներին փոխանցելով՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ուսանողներին հորդորեց մշտապես աղոթել՝ հույսը, հավատն ու սերը չկորցնելու համար. ՙԵրիտասարդությունը մեր շարժիչ ուժն է, էներգիան, երևակայությունը և իրենց նպատակներին հասնելու համար նրանց հոգևոր աջակցություն է անհրաժեշտ: Սուրբ Սարգիսը հենց այն վառ կերպարն է, ով մշտապես սիրահարների ու երիտասարդների կողքին է: Այս պատկերներն ազնվացնում են մեր հոգին, քանզի արտահայտում են մեծ սեր՝ առ Աստված, մայր, կին, բնություն՚:
Մրցույթին մասնակից բոլոր ուսանողներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան շնորհակալագրերի, իսկ 4 ուսանող՝ լավ աշխատանքների և համալսարանական ակտիվության համար արժանացան ռետոր Գ. Գալստյանի պարգևներին: Ուսխորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն իր և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց մրցույթի աջակիցներին, շնորհավորեց ուսանողներին Սիրո տոնի կապակցությամբ:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված աշխատանքները դեռ անցնելու երկար ճանապարհ ունեն: Փետրվարի 7-ին՝ Բուն բարեկենդանի օրը, Ազատության հրապարակում դրանք կներկայացվեն ցուցահանդես-վաճառքի, իսկ օրեր հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում հաղթած մասնակիցները հանդիսավոր կերպով կպարգևատրվեն: