Երեկ՝ ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ընդգրկուն նիստը հագեցած էր քննարկման ենթակա թեմաներով, կարծիքներով ու տեսակետներով:
Օրակարգում՝ ամբիոնի վարիչ, ճ.թ., պրոֆեսոր Էմմա Հարությունյանի՝ Միլան-Վենետիկ-Թուլոն գործուղման հաշվետվությունն էր և ոչ միայն…
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը նույնպես ասելիք ուներ, իսկ նիստը լավագույն հնարավորությունն էր՝ հնչեցնելու այն հավաքական կարծիքը, որը ձևավորվել էր համալսարանի բեղուն գործունեության վերջին 5 տարիների ընթացքում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ռեկտորի ընտրության շեմին է, և ամբիոնը ներկայացնող համալսարանականները հարկ էին համարել ամփոփել ռեկտոր Գալստյանի ղեկավարության տարիներին բուհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետության ոլորտում ակնառու ձեռքբերումները, տարատեսակ պայմանավորվածություններն ու հաջողությունները:
Նիստի ներկաները, առանց երկբայելու, նախևառաջ մատնանշեցին Գագիկ Գալստյանի մարդկային ու բարոյական որակները: Նրանցից շատերը փաստեցին, որ թե’ գործնական, թե’ անձնական հարցերով բազմաթիվ անգամ են ստացել ռեկտորի աջակցությունը:
Դասախոսների մեծամասնությունը համակարծիք էր նաև այն հարցում, որ վերջին հինգ տարիներին ակնառու է ռեկտոր Գալստյանի՝ գիտական, մանկավարժական, համալսարանի միջազգային կապերի ընդլայնման, գիտափորձարարական լաբորատորիաների հիմնանորոգման և վերաբացման, արվեստանոցների հիմնադրման ոլորտում ծավալած արդյունավետ աշխատանքային գործունեությունը:
Նրանց խոսքերով՝ ռեկտորը մշտապես իր մասնակցությունն է բերել համալսարանում գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող թեմատիկ ծրագրերի ընթացիկ քննարկումներին՝ գիտակցելով, որ ժամանակակից բուհը պետք է ներկայանա՝ որպես կարևոր գիտական կենտրոն:
Բացի գիտական, մանկավարժական և ուսումնական գործընթացների խթանումից՝ ներկաները շեշտեցին նաև ռեկտորի՝ համալսարանի կենցաղային պայմաններին հատուկ ուշադրություն դարձնելու, ուսանողներին և աշխատակիցներին հարմարավետ ու տրամադրող միջավայր ապահովելու նպատակաուղղված աշխատանքները:
Նիստի ավարտին՝ որպես ամփոփում, ամբիոնը, բարձր գնահատելով համալսարանի ռեկտորի հնգամյա բեղմնավոր գործունեությունը և արժևորելով նրա մարդկային ու կազմակերպչական որակները, պատրաստակամություն հայտնեց ողջ ներուժով սատարել՝ Գագիկ Գալստյանի պաշտոնավարությունը շարունակական դարձնելու համար: