(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԱՏԳԵՐՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ժամանեց Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսորներ Ալի Մահերը, Մոհսեն Ջաֆարին, Վահան Թանալը, Դավիթ Միքայելյանը և Մեթյու Ջոկայտսը:

Արդեն 5-րդ տարին անընդմեջ՝ մեր համալսարանի, ՙՀայ օգնության ֆոնդ՚-ի և ՙԱմերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության՚ համագործակցության շրջանակներում, մեր համալսարանում դասախոսություններ են անցկացվում՝ ուսանողների և դասախոսների լայն զանգվածի համար:

Այսօր Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությանն ընդունել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Հանդիպմանը ներկա էին ‘Հայ օգնության ֆոնդ’-ի Նյու-Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը,  պրոֆեսորներ Ալի Մահերը, Մոհսեն Ջաֆարին, Վահան Թանալը, Դավիթ Միքայելյանը և Մեթյու Ջոկայտսը:

 

Ռեկտոր Գալստյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ այս համագործակցությունն արդեն ավանդական բնույթ է կրում, ինչը լուրջ հեռանկարների գրավական է ինչպես համալսարանների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար:Որպես ասվածի ապացույց և տարիների բարեկամության նշան՝ պրոֆեսորներ Ալի Մահերին, Մոհսեն Ջաֆարիին և Նենադ Գուցունսկուն շնորհվեց ՃՇՀԱՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:

Հիշեցնենք, որ Ռատգերսի պետական համալսարանից ժամանած պրոֆեսորները կվարեն դասընթացներ ՙԳրունտների բարելավման ոլորտում վերջին զարգացումները՚, ՙԷներգետիկ պորտֆոլիոյի կառավարում՚, ՙԱկտիվների կենսացիկլի կառավարման միտումները՚, ՙՆախագծերի կառավարում և որակի վերահսկողություն՚  և  ՙԹունելների ճարտարագիտության և շինարարության ներածություն՚ թեմաներով:

 

02.10.17