Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակում՝ ապրիլի 18-20-ը համալսարանում էր հյուրընկալվել Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր Հաո Վանը:
Այցի նպատակը՝ Ճանապարհների և կամուրջների ամբիոնի հետ համագործակցությամբ Ռատգերսի համալսարանի նյութերի հիման վրա մշակված և մեր համալսարանի ուսումնական ծրագրերում ներառված «Պատվածքների կառավարում» դասընթացի վերաբերյալ խնդիրների քննարկումն էր: Դասընթացի համար նախատեսվում է ստանալ Ռատգերսի համալսարանի հավաստագրում:
Այցի առաջին օրը կազմակերպվեց պրոֆեսոր Հաո Վանի հանդիպումը ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ադմինիստրատիվ և մասնագիտական ամբիոնների ներկայացուցիչներ: Պրոֆեսոր Հաո Վանը ծանոթացավ համալսարանի նորագույն տեխնիկայով հագեցած լաբորատորիաներին և կատարվող ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին:
Այցի հաջորդ օրը պրոֆեսորը հանդես եկավ «Պատվածքների նախագծում և կառավարում» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցեցին շուրջ 50 ուսանողներ, դասախոսներ և մասնագետներ: Դասախոսության ընթացքում ներկայացվեց ոլորտի հետազոտության նորագույն մեթոդներն ու սարքավորումները: Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պրոֆեսորին և ստացան սպառիչ պատասխաններ:
Ճանապարհների և կամուրջների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ պրոֆեսոր Հաո Վանը ծանոթացավ Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգությանը և ճանապարհների պատվածքների առանձնահատկություններին: