Ջրի համաշխարհային օրվա առթիվ ՃՇՀԱՀ-ում անցկացվեց սեմինար՝ նվիրված ջրի պահպանության և համաշխարհային ջրային խնդիրների բարձրացմանը։
Ջրի համաշխարհային օրը, որը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի վիճակի և դրա հետ կապված խնդիրների վրա՝ հատկապես վերականգնման և պահպանության համատեքստում, նշվում է 1993 թվականից ի վեր՝ Միավորված Ազգերի Կազմակերպության նախաձեռնությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնել ջրի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը և խթանել ջրային ռեսուրսների կայուն կառավարումը։
Աշխարհում շուրջ 2.2 միլիարդ մարդ չունի անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն, իսկ կանայք և աղջիկները հաճախ կրում են ջրային ճգնաժամի ամենածանր հետևանքները։
Այս տարվա թեման՝ «Որտեղ ջուրը հոսում է, հավասարությունը աճում է», ընդգծում է, որ անվտանգ ջրի և սանիտարական պայմանների ապահովումը նպաստում է կանանց և աղջիկների կյանքի որակի բարելավմանը՝ ապահովելով առողջություն, անվտանգություն և նոր հնարավորություններ։
Միջոցառման կազմակերպիչներն էին ՇՄԿՏՍ ամբիոնը, ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը։ Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ և ոլորտի մասնագետներ։
Սեմինարի ընթացքում «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը ներկայացրեց ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման կարևորությունը՝ շեշտադրելով հանրային ներգրավվածության անհրաժեշտությունը։
Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը խոսեց ջրաերկրաբանական հուշարձանների էկոլոգիական խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց պահպանության հրատապությունը և ոլորտում առկա մարտահրավերները։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց նաև, որ ապագայում առավել ակտիվ պետք է խրախուսվի ուսանողների մասնակցությունը էկոլոգիական միջազգային տոներին՝ ուսանողական գիտաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների, գիտաուսումնական արշավների և գիտակրթամշակութային միջոցառումների միջոցով։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել հանրության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։
Քննարկված թեմաները հիմք կհանդիսանան մոտ ապագայում «Երկիր մոլորակը իմ տունն է» խորագրով աշխատաժողովի կազմակերպման համար։
Միջոցառման կարևոր նպատակներից էր նաև ընդգծել կանանց դերակատարությունը ջրային խնդիրների լուծման և որոշումների կայացման գործընթացում՝ նրանց դիտարկելով ոչ միայն որպես օգտվողներ, այլև որպես առաջնորդներ։