(010) 303-300

ՊՐՈՖԵՍՈՐ ԽԱՉԻՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հիմք ընդունելով ՀՀ ՏԿԵ նախարարի 2020 թվականի N 1017-Ա հրամանի 2-րդ կետի առաջին ենթակետը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N Ն/26.2/1513-2024 զեկուցագիրը, հրամայել է Երկրաբանի օրվա կապակցությամբ համանուն նախարարության շնորհակալագրով խրախուսել մասնագիտությամբ երկրաբան և ոլորտում իրենց ավանդը ներդրած երկրաբաններին:

Պարգևատրվողների թվում էր նաև ՃՇՀԱՀ-ում իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության «Շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում ու զարգացում» բազային ծրագրի ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը: Վերջինս արժանացել է շնորհակալագրի՝ ոլորտում երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար:

Է. Խաչիյանը կիրառական երկրաշարժագիտության և երկրաշարժադիմացկուն շինարարության, կառուցվածքների դինամիկայի և տատանումների տեսության բնագավառներում միջազգային ճանաչում ունեցող գիտնական է: Դեռ ԽՍՀՄ տարիներից և հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո նա մասնագիտացել է երկրաշարժագիտության բնագավառում՝ Հայաստանի անկախացումից հետո նոր եռանդով նվիրվելով երկրաշարժադիմացկուն շինարարության ազգային նորմերի մշակմանն ու հետագա կատարելագործմանը: Նրա ղեկավարությամբ 2020թ. արդիականացվել և սկզբունքորեն վերանայվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» նորմերը՝ առավել հստակ և արդիական պահանջներ առաջադրելով նախագծողներին: Պրոֆեսոր Է. Խաչիյանը մասնակցել է հանրապետության տարածքում կառուցված խոշոր կամուրջների, կարևոր կառույցների ու բարձրահարկ շենքերի դինամիկական փորձարկումներին և գիտական հետազոտություններին: Նա գործընկերների հետ ներկայացրել է գոյություն ունեցող շենքերի ուժեղացման նոր գաղափարներ:

Մասնագիտական կյանքը երկրաշարժադիմացկուն շինարարության հարցերին նվիրած ականավոր գիտնականը հեղինակել է ավելի քան 300 գիտական աշխատություն, գիրք, մենագրություն, հոդված, որոնք տպագրվել են տարբեր երկրների հեղինակավոր պարբերականներում:

11.04.24