Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի սիրելի ուսանողներ.
Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկում է 2020-2021թթ. ուսումնական տարին: Ինչպես արդեն հայտնի է, ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ սեպտեմբերի 1-ից համալսարանում ուսումնական գործընթաց կկազմակերպվի միայն 1-ին կուրսեցիների համար, իսկ ավելի բարձր կուրսերը ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 15-ից, հիբրիդային եղանակով, ինչը նշանակում է՝ դասընթացների կազմակերպում թե՛ առցանց, թե՛ լսարանային պայմաններում: Բոլոր դասացուցակները կուղարկվեն ուսանողներին էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև հասանելի կլինեն համալսարանի կայքէջի «Հեռավար ուսուցման հարթակում», որի մուտքի տվյալներն արդեն այսօր կտրամադրվեն ուսանողներին:
Գիտելիքի օրը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սիրով կսպասենք մեր առաջին կուրսեցիներին՝ ըստ դասացուցակով սահմանված ժամանակացույցի: Ուսանողների մուտքը համալսարան կկազմակերպվի գլխավոր մասնաշենքից և հետին մուտքից:
Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը, նշենք, որ համալսարանը հագեցած է ախտահանիչ կամարով, նոր սերնդի էլեկտրոնային ջերմաչափերով և բոլոր անհրաժեշտ պարագաներով, որոնք կապահովեն անվտանգ մուտքը մեր համալասարան: Սիրելի ուսանողներին ևս մեկ անգամ հորդորում ենք ներկայանալ դիմակներով, համալարանում առկա գծանշումների միջոցով պահպանել սոցիալական հեռավորությունը, խուսափել մարդկային կուտակումներից և ձեռքսեղմումներից:
Դիմավորե՜նք նոր ուսումնական տարին առողջ, առանց խոչընդոտների և լավատեսությամբ: