(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑԱՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԻՇԵԼ ՄՈՍԵՍՅԱՆԻՆ

«Իմ ասածն ընդունեք՝ իբրև երաժշտություն, որովհետև ճարտարապետությունը ձայների, ռիթմի հարմոնիա է, միայն զգալով է հնարավոր հասկանալ տեսածը»:

Այսպես սկսեց իր դասախոսությունը մեր համալսարանում հյուրընկալված ֆրանսահայ աշխարհահռչակ ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, Հարվարդի, Չիկագոյի և Փենսիլվանիայի համալսարանների դասախոս Միշել Մոսեսյանը:

Բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Միշել Մոսեսյանը ծնվել է Փարիզում, մասնագիտական կրթություն ստացել Փարիզի Գեղեցիկ արվեստների Ազգային դպրոցում, իսկ ճարտարապետության մագիստրոսի կոչում՝ Հարվարդի համալսարանում: Հայազգի նշանավոր ճարտարապետի հիմնած «Մոսեսյան և գործընկերներ» նախագծային ընկերությունը հեղինակ է աշխարհում հայտնի բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ Քաթարում Դոհա հին քաղաքի կենտրոն տարածքի վերանորոգման նախագիծը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր մասնաշենքի և հարող տարածքի նախագիծը: Միշել Մոսեսյանի ընկերության հատկանշական և, թերևս, ամենափառահեղ գործերից է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի Մուսուլմանական թանգարանի նախագիծը: Այստեղ է, որ դասախոսությանը ներկա Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը հիշեց մի դրվագ, երբ Ստամբուլում, մատնացույց անելով մզկիթ կառուցած հայ ճարտարապետի, հարց են ուղղել քաղաքապետին, թե ինչու է թույլ տվել, որպեսզի այն հայը կառուցի: Քաղաքապետը պատասխանել է, որ եթե Ստամբուլից ջնջենք հայ ճարտարապետների գործերը, ցույց տալու շատ քիչ բան կունենանք: Այս պատմությունը պարոն Թովմասյանը պատահական չհիշեց. վարպետության դասին ներկա ուսանողներից շատերի հայացքում էր այդ հարցը գրվել, թե ինչու է հայ ճարտարապետը մահմեդական կառույց հեղինակում:

«Ճարտարապետությունն ազգություն չունի, ինչպես և երաժշտությունը»,- բացատրեց Միշել Մոսեսյանը՝ իր և աշխարհի հայտնի ճարտարապետական հորինվածքների օրինակով ուսանողների համար բացահայտելով ճիշտ ձև ու բովանդակություն ստանալու նրբությունները:

05.06.19