Նախորդ շաբաթները բեղմնավոր, ճանաչողական և ուսուցողական էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար:
Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս Արմեն Մինասյանի նախաձեռնությամբ և ղեկավարմամբ՝ ապագա ճարտարապետները, փետրվարի 2-ին և 9-ին ուսումնական այցեր կատարեցին տարբեր շինարարական, վերանորոգման, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ:
Ուսումնական 2 այցերի ընթացքում ուսանողները հասցրեցին լինել փայտե դռներ և կահույք արտադրող խոշոր ընկերությունում, ծանոթացան փայտի վերամշակման, միջսենյակային դռների և կահույքի ստեղծման մանրուքներին ու գաղտնիքներին:
Մեկ այլ ընկերությունում նրանց ծանոթացրեցին պլաստմասե և ալյումինե պրոֆիլներից, ինչպես նաև ապակուց պատրաստված ճակատների, տանիքների ապակե հատվածների, դռների և պատուհանների պատրաստման ու տեղադրման աշխատանքներին:
Ուսանողների վերջին կանգառը հյուրանոցային համալիր էր: Համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետ Արմեն Մինասյանը ուսանողներին ուղեկցեց շինհրապարակ, որտեղ, ՙտանտիրոջ իրավունքով՚, պատմեց նախագծի ստեղծման պատմության, ճարտարապետական լուծումների և համալիրի գլխավոր առաձնահատկության՝ սեյսմիկ բարձր խոցելիություն ունեցող շենքի շերտավոր ռետինամետաղական հենարանների միջոցով սեյսմամեկուսացման համակարգի, տարբեր արդիական նյութերի և դրանց կիրառման մասին:
Ուսանողների խոսքերով՝ այցերն անչափ տպավորիչ էին, ուսուցողական և տեսականորեն սերտած գիտելիքները գործնականում տեսնելու, դրանց կիրառման եղականերին ծանոթանալու հնարավորություն: