ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեր համալսարանի նախկին շրջանավարտներն՝ իրենց հաջողություններով և ձեռքբերումներով, մշտապես բարձր են պահում թե՛ համալսարանի, թե մեր երկրի անունն ու պատիվը: Նրանց շարքերում է նաև ճարտարապետ Արամ Ալաչաջյանը, ով 70-ական թվականներից ապրում և արարում է Միացյալ Նահանգներում:
Այսօր Արամ Ալաչաջյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր: Նա հարազատ կրթօջախ էր եկել՝ պատմելու իր անցած ուղին, դժվարությունները, հաղթահարած փորձությունները և, ներկայում ծավալող գործունեությունը: Նախկին շրջանավարտի հետ հանդիպման էին եկել ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, դասախոսներ և ուսանողներ:
Ծնվելով և ուսանելով Երևանում՝ Արամ Ալաչաջյանը, մասնագիտական առաջխաղացման և աշխատանքի դեգերումներով տեղափոխվեց Միացյալ Նահանգներ՝ նախ Ֆիլադելֆիա, ապա՝ Լոս-Անջելես: Անցնելով երկար ճանապարհ՝ այսօր Արամին է վստահված հայ համայնքի կողմից նախաձեռնվող գրեթե բոլոր կառույցների նախագծման աշխատանքները, նրա մտքի ծնունդ են բազմաթիվ եկեղեցիներ ու տարբեր նշանակության շինություններ: Արամն ուսանողներին ներկայացրեց ընթացիկ աշխատանքների նախագծերը՝ այդ թվում, Հայ-ամերիկյան թանգարանինը:
Հանդիպումը հագեցած էր բուռն քննարկումներով և ուսանողների հետ հարց ու պատասխանով: