(010) 303-300

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑՎԱԾ Է

Մեկնարկեց Դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպած ուսանողական նախագծերի ցուցահանդեսը: Այն ընդգրկում էր 2020-2023թթ. ինտերիերի և էքստերիերի, արդյունաբերական դիզայնի կրթական ծրագրերին վերաբերվող ուսանողական աշխատանքները, ինչպես նաև նախագծերին կից մանրակերտները:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը. «Ցուցահանդեսները Դիզայնի ֆակուլտետում արդեն ավանդական բնույթ ունեն, և այսօր ներկայացված են ուսանողների կուրսային նախագծերը՝ կից մանրակերտներով: Սա այն միտումն է, որը մեր ժամանակներում ստիպում է լինել որակապես ավելի բարձր, ավելի լավը: Ցուցահանդեսին ներկայացված նախագծերում արտահայտվում են ֆակուլտետում առկա ողջ առարկայական ծրագրերի բովանդակությունը: Նման մոտեցումը համարում ենք սկզբունքային. ցանկացած դասընթացի յուրացման արդյունքը պետք է ծառայի և արտահայտվի քննական նախագծերում: Սրտանց շնորհավորում եմ ուսանողներին, ինչպես նաև դասախոսական անձնակազմին»,- նշեց պարոն Մելիքյանը:

Ելույթով հանդես եկավ նաև Դիզայնի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը. «Բոլորը գիտեն, ինչպես Դիզայնի ամբիոնում, այնպես էլ ֆակուլտետում շատ է կարևորվում յուրացվող դասընթացները ներկայացնել նաև գործնական տարբերակով, այսպես ստուգվում են ուսանողների գիտելիքները  և մրցակցային են դառնում թեմաները, որոնք ուղարկվում են ամենատարբեր մրցույթներին: Շնորհավորում եմ բոլորին ուսանողներին և դասախոսներին, և կարծում եմ, որ ցուցահանդեսը ստացված է»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Բացման խոսքերից, ելույթներից հետո պարոն Մելիքյանը ազդարարեց ցուցահանդեսի բացումը և բոլոր ներկաները շրջեցին և ծանոթացան ներկայացված աշխատանքներին:

18.05.23