(010) 303-300

Շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին

Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը` ազդարարելով նոր ու կարևոր սկզբի մեկնարկը: Տոնական և հուզաշատ էր օրը նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: 220 շրջանավարտ բեմում էին` երախտիքի և հրաժեշտի խոսքեր ասելու իրենց ուսուցիչներին:

Վերջին զանգի արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Ողջույնի խոսքերից և բուն միջոցառումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը, որից հետո ռեկտոր Գալստյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով կանաչ, անվրդով ու բեղմնավոր ճանապարհ: Նա նորավարտ աշակերտներին հորդորեց անկախ ընտրած մասնագիտությունից՝ նախևառաջ լինել ազնիվ մարդ, պիտանի քաղաքացի և մեծ հայրենասեր: Որպես հավելում՝ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը նկատեց, որ ապրիլի սկիզբը կարող էր վճռորոշ լինել՝ այսօրվա գալստյան և վերջինզանգյան միջոցառման իրականացման համար: «Սակայն այսօր մենք այստեղ ենք՝ շնորհիվ մեր քաջ հերոս զինվորների, ովքեր իրենց կյանքն էլ չխնայեցին մեր խաղաղությունն ու Հայրենիքը աներեր պահելու համար»,- նշեց Ա. Մարուխյանը:

Երգ ու պարով, թատերական բեմադրություններով համեմված միջոցառմանը շրջանավարտները նույնպես չշրջանցեցին ապրիլյան ցավալի դեպքերը: Իրենց հուզառատ ու հայրենասիրական երգերով նրանք բոլորին ցույց տվեցին, որ արժանի կրողն են թե հաղթանակի, թե կորստի ու պատրաստ՝ ցանկացած պահի լինել սահմանին:

27.05.16