Այսօր ճարտարապետների միջազգային օրն է:
Հայաստանում, թեև, երրորդ տարին է, ինչ տոնը մեծ հանդիսության և ուշադրության է արժանանում, սակայն, հայ ճարտարապետի նկատմամբ հարգանքն ու խոնարհումը դարերով է չափվում: Հայկական ճարտարապետությունը մշտապես եղել է մեր երկրի ազնվագույն այցեքարտը, որով հպարտությամբ ներկայացել է աշխարհին: Այսօր էլ, նվիրյալ հայ ճարտարապետների ջանքերով են շարունակում կանգուն մնալ հայկական ճարտարապետության բացառիկ նմուշները՝ եկեղեցիներն ու վանքերը, հուշարձաններն ու պատմական նշանակության կառույցներ:
Գաղտնիք չէ, որ ճարտարապետն է ժամանակների միջև այն կամուրջը, որի շնորհիվ անքակտելի կապերով կապված են անցյալն ու ներկան, անսպառ երևակայություն ունեցող այն մարդը, ով ուրվագծում է ապագան:
Յուրաքանչյուրս ենք պարտական ճարտարապետին այն միջավայրի համար, որտեղ ապրում ենք, ինչով հիանում ենք ու հպարտանում: Ճարտարապետների մասնագիտական օրը միայն օրացուցային տոն է՝ նրանց աշխատանքը գնահատանքի արժանացնելու, պարգևատրելու, հետագա անելիքները քննարկելու համար, քանի որ ճարտարապետների աշխատանքն անդադար է, ստեղծագործ մտքի պտուղները՝ ժամանակի մեջ ազատ ու մնայուն:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհավորում է հայ ճարտարապետներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, մշտարթուն միտք և արարելու, շրջապատը սիրով ու գեղեցկությամբ պարուրելու անսպառ եռանդ: