ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) հոբելյանն է: Տաղանդաշատ ու սիրելի նկարչի 84-ամյակն է:
Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է 1938 թ. ապրիլի 20-ին Շիրակի մարզում: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Վարպետ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Գերմանիայում, Փարիզում, Ժնևում, Լոս Անջելեսում և այլուր: Արժանացել է «ՀՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչումներին: 2021 թ. տարվա նկարիչ անվանակարգում «Երկրի դեմքը» ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանն էր։
Հրանտ Թադևոսյանը գույների վարպետ է. իր կտավներում առկա են գունային յուրահատուկ ու հետաքրքիր լուծումներ: Կտավներից յուրաքանչյուրն ասես մի երփնավառ հեքիաթ լինի: Ինչպես մի առիթով բնորոշել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, «արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել: Այդ իմաստով Թաթոսի հեքիաթը էնքան հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի է, որ ուզում ես այն չվերջանա»:
Շնորհավորում ենք Հրանտ Թադևոսյանին տարեդարձի առթիվ՝ քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք մաղթելով, որ ապրի ու արարի` կերտելով այն հեքիաթային ու գունագեղ կտավները, որոնք յուրաքանչյուրիս հոգեհարազատ են և համակում են ամենաջերմ ու ամենագեղեցիկ զգացումներով: Նաև շնորհակալություն ենք հայտնում Վարպետին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի համար և իհարկե իր թանկագին ժամանակը տրամադրելու ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը: