Սիրելի մայրեր.
Պատահական չէ, որ մեր երկրում Մայրության օր է հռչակվել Ապրիլի 7-ը, հենց այն օրը, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Մայրը և մոր գաղափարը նվիրական ու սուրբ է հայ ժողովրդի համար: Զուր չէ, որ Հայրենիք և լեզու հասկացությունները, երկրի սիրտը համարվող քաղաքը համադրված են մայր բառի հետ՝ Մայր Հայրենիք, մայրենի լեզու, մայրաքաղաք…
Այս օրերին, երբ ողջ մարդկությանը սպառնում է չարագույժ վարակը, ավելի քան երբևէ, ընդգծվում է մոր և կնոջ հոգատարությունն ու կարևորությունը: Մայրեր, ովքեր նաև իդեալական մանկավարժ են, խորհրդատու, բարեխիղճ բժիշկ ու բուժքույր, տան խաղաղությունն ու ժպիտն ապահովող գերբնական ուժ:
Մայր լինելը կնոջ բարձրագույն կոչումն է և այդ կոչումը տրված է ի վերուստ: Եվ այսօր, Աստվածային մեծագույն խորհուրդը կրող օրն ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլոր մայրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց: Ցանկությունս է, որպեսզի Ձեր դեմքը մշտապես ողողված լինի երջանկության փայլով, ապահովության և հպարտության անպարտելի զգացումով։
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Եղիազար Վարդանյան