Սիրելի՛ ուսանողներ և համալսարանականներ.
Այսօր տարվա առանձնահատուկ ու կարևոր օրերից մեկն է: Այս օրը դպրոցականների և ուսանողների համար ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբն է, այլ նաև՝ նոր կյանքի, խելացի ու կշռադատված քայլերով ճանապարհ հարթելու մեկնարկը:
Ստեղծված արտակարգ դրության պայմաններում՝ արդեն այսօր կարող եմ վստահ ու հպարտությամբ արձանագրել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թե’ ուսանողները, թե’ պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը պատվով հաղթահարեցին նախորդ ուսումնական տարում առաջացած դժվարությունները:
Ավանդույթի համաձայն՝ այսօր էլ կուզենայի տեսնել մեր համալսարանի բակը նոր ու հնաբնակ ուսանողներով լի, դիմավորել ու ողջունել նրանց ջերմագին բարեմաղթանքներով, սակայն, առկա սահմանափակումներով պայմանավորված հանդիպումները կիրականացվեն լսարանային պայմաններում:
Սիրելի ուսանողնե’ր.
Այսօր դուք համալրեցիք այն մեծ ընտանիքը, որն արդեն շուրջ մեկ դար լծված է մեր երկրի կառուցման, շենացման, հնի ու արժեքավորի պահպանման պատվաբեր գործին: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում, որպեսզի մշտապես ամուր ու համառ լինեք ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերների առջև, և մեր համալսարանում ստացած որակյալ կրթության շնորհիվ դառնալով բարձրակարգ, պահանջված և արժանապատիվ մասնագետ՝ ծառայեք ի շահ մեր երկրի հզորացմանն ու բարեկեցությանը:
Շնորհավո՜ր սեպտեմբերի 1 և բարի՜ երթ դեպի համալսարանական կյանք:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Եղիազար Վարդանյան