(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Անկախությունն ու ազատությունը երկրի և ազգի գոյատևման, ինքնության պահպանման, աշխարհին հպարտությամբ ներկայանալու կարևորագույն երաշխիքներն են: Եվ այս գիտակցությամբ` 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Ազատ և անկախ ապրելը կենսական նշանակության հարց էր՝ ապագա կյանքերին արժանապատիվ, հայեցի և հաղթական դաստիարակելու հրամայական:

Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ ՙՀայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը՚, և յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին խիզախ ու գլուխները բարձր, Հայաստա՜ն վանկարկելով ու փուչիկներով ծանրաբեռնված մեծ ու փոքր հայի քայլերթը դրա խոսուն ապացույցն է, սահմանին կանգնած և արծվի սրատեսությամբ մեր անվտանգության դարպասներից աչքը չկտրող զինվորը դրա ապացույցն է, նոր սերնդին նվիրումով հայրենասիրություն ու մայրենի լեզու դասավանդող ուսուցիչը դրա ապացույցն է, անդադար երգեցիկ ձայնով սոխակին կանչող ու երեխային քնեցնող մայրը դրա ապացույցն է:

Հայը վաստակել է իր ազատ ու անկախ ապրելու իրավունքն իր գենով, Հայրենիքն ամենքից և ամեն ինչից գերադասելու իր սրբազան պարտքով և դրա համար կենաց մահու կռիվ տալու մշտարթուն պատրաստակամությամբ:

Շնորհավո՛ր 29-րդ Սեպտեմբերի 21-դ, Հայաստան ու ՀԱՅ:

 

21.09.20