Արդեն ավանդաբար, յուրաքանչյուր տարի, օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է Շինարարի օրը: Այս տարի հայ շինարարին շնորհավորելու և գնահատանքի արժանացնելու համար, տոնին ընդառաջ, օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետի, քաղաքաշինության նախարարի և քաղաքապետի կողմից հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրեցին ոլորտի լավագույն մասնագետները:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ու շինարարներ:
Շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մասնագիտական օրվա առթիվ, նախարար Նարեկ Սարգսյանը ցանկություն հայտնեց երբևէ չտեսնել վերամբարձ կռունկներին անգործության մատնված, իսկ շինարարներին էլ մաղթեց առավել բեղուն ու ստեղծագործ աշխատանքային ընթացք: Իր գործընկերներին շնորհավորական ուղերձ հղեց նաև ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նկատեց, որ օրավուր գեղեցկացող մեր քաղաքը լավագույն ապացույցն ու գնահատականն են շինարարների՝ նվիրված աշխատանքի: Գագիկ Գալստյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ ՀՀ Վաստակավոր շինարարի կոչումը վերականգնելու համար:
Այսպիսով՝ Շինարարի տոնի առթիվ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ներին արժանացան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիոկոս Էդուարդ Խաչիյանը և «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը:
Մեր համալսարանից քաղաքապետի պատվոգրեր ստացան ՃՇՀԱՀ-ի Կամուրջների և թունելների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Ռոբերտ Ազոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանը և համալսարանի շինարարական աշխատանքների պատասխանատու Սարգիս Դիլանյանը: