Շինարարի օրվան նվիրված Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Մասնագիտական տոնի առթիվ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է շինարարներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք։ «Կառավարությունն իր գործունեության ընթացիկ ծրագրով ստանձնել է պարտավորություն՝ իրագործելու աննախադեպ ծավալի քաղաքաշինական ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ կառուցելով մի քանի հարյուր դպրոց և նախադպրոցական հաստատություններ, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, իրականացնելով ենթակառուցվածքային բարդ և մեծածավալ այլ ծրագրեր: Կառավարության ծրագրի՝ ժամանակին և որակով իրագործումը մեծապես կախված է նաև շինարարական կազմակերպությունների կարողություններից, որակյալ և սրտացավ աշխատանքից, զարգացման ուղղությամբ ներդրումներից, և իհարկե, պետություն-մասնավոր գործակցության արդյունավետությունից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր բարեխղճորեն իրագործում են պետական ծրագրերը՝ կիսելով այն գիտակցումը, որ կառուցում ենք մեր և մեր սերունդների որակյալ ապագայի համար»,-ընդգծել է փոխվարչապետը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել շինարարներին՝ նշելով, որ շինարարության ոլորտը շարունակում է լինել տնտեսության առաջնորդող կարևորագույն ճյուղերից մեկը։ Բարձր գնահատելով շինարարական ավանդույթները՝ կոմիտեի ղեկավարը միաժամանակ կարևորել է մասնագիտական զարգացումը։ Նա ընդգծել է համատեղ ուժերով հայ շինարարի հեղինակությունը, նրա հանդեպ վստահությունը վերականգնելու կարևորությունը։
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։
«Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի վարիչի ժ/պ Արտաշես Սարգսյանը։