ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հունիսի 27-ին, ինչպես նախօրոք հայտարարվել էր, տեղի ունեցավ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցում էին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, «IRD» իտալական ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Տիգրան Մեսրոպյանը, Շինարության, Կառավարման և տեխնոլոգիաների, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների դեկանները, «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչը և տարբեր ֆակուլտետների ու կուրսերի՝ ծրագրով հետաքրքրված ուսանողները:
Հանդիպման սկզբում ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականին համալսարանի, ՏԿԵ նախարարության և «IRD Engineering» ընկերության միջև կնքված հուշագրի շրջանակում ձևավորվեց «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցը, որն ունեցավ իր առաջին շրջանավարտներն ու բարեհաջող մեկնարկեց 2021 թվականի ամռանը: Հ. Հովեյանը շնորհակալություն հայտնելով ՏԿԵ նախարարությանը և «IRD Engineering» իտալական կազմակերպությանը «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի շարունականությունը ապահովելու համար՝ հորդորեց բոլոր ներկա ուսանողներին ակտիվորեն մասնակցել դպրոցի նախընտրական փուլին, քանի որ սա մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, միջազգային փորձագետների հետ շփվելու ու նրանց փորձը ապագայում կիրառելու հրաշալի հնարավորություն է:
«IRD Engineering» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Տիգրան Մեսրոպյանը ողջունեց բոլորին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունն աշխարհի շուրջ 21 երկրներում իրականացնում է բազմաբնույթ գործունեություն նախագծման, տեխնիկական հսկողության, խորհրդատվության, մակրոտնտեսական և միկրոտնտեսական վերլուծությունների և այլ ոլորտներում:
«Շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Այս գաղափարը անցած տարի բոլորիս ջանքերով իրականացավ, կարծում եմ՝ ունենք լավ փորձ, և վստահ եմ, որ այս տարի ավելի լավ կկազմակերպենք ու կանցկացնենք ամառային դպրոցը: Հաշվի առնելով անցած տարվա արդյունքները՝ այս տարվա համար մեր ընկերությունը որոշում է կայացրել ամառային դպրոցի 10 մասնակցից ընտրել մեկին և մեր ընկերության միջոցների հաշվին գործուղել դեպի Իտալիա՝ Հռոմ, որտեղ հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա մասնակցելու միջազգային գործընկերների հետ հանդիպումներին, տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին, ինչպես նաև նախատեսում ենք հանդիպումներ մասնագիտական համալսարանների հետ»,− նշեց Տ. Մեսրոպյանը:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նախորդ տարի իրականացված ամառային դպրոցի մասին պատող ֆիլմը, այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Ինչպես նշեց «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը, այս ամառային դպրոցը, ինչպես անցած տարի, այնպես էլ վստահաբար այս տարի, իր կարևոր ու դրական ազդեցությունը կունենա մասնակից ուսանողների մնացորդային գիտելիքերի ամրապնդման վրա: Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա նման այս տարվա բոլոր մասնակիցները ևս կստանան միջազգային մասնակցության վկայականներ:
Հիշեցնենք, որ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցն այս տարի կմեկնարկի հուլիսի 11-ից երեքշաբաթյա տևողությամբ, որի շրջանակում ՃՇՀԱՀ 10 ուսանող հնարավորություն կունենա ծանոթանալու ճանապարհաշինական միջազգային ծրագրերին, ձեռք բերելու կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, նախագծման իրականացման, կառավարման ընթացակարգերի ոլորտում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչև հուլիսի 5-ը ներառյալ: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ: