ՃՇՀԱՀ-ում իրականացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Լիարժեք կյանք» ՀԿ-ի համատեղ «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ միջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի առաջին դասընթացը՝ ապագա մասնագետների համար, որը նպատակ ունի կրթական համակարգում ապահովել կայուն մեխանիզմներ՝ համապատասխան առարկաներ ներդնելով։
Հանդիպման ընթացքում Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ ծանոթացան այն հիմնական սկզբունքներին, որոնց կիրառությամբ իրենց նախագծած ապագա շենքերն ու շինությունները մատչելի կլինեն բոլորի մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բանախոսն էր հաշմանդամության փորձագետ, «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանը։
Հայաստանի Հանրապետությունը 2021 թ.-ին ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, ըստ որի օրենսդրական մակարդակում սահմանել է, որ Հայաստանում առկա շենքերը, շինությունները, տարատեսակ հանրային միջավայրերը, ծառայություններն ու ապրանքները պիտի առավելագույնս մատչելի լինեն բոլորի համար՝ անկախ նրանից, թե դրանցից օգտվողը, օրինակ, հաշմանդամություն ունի, թե ոչ։ Այլ կերպ ասած, շենքերի համընդհանուր մատչելիության և ներառական միջավայրի հնարավոր է հասնել ինչպես նախագծման փուլում համընդհանուր դիզայնի, այնպես էլ, արդեն առկա միջավայրի պարագայում խելամիտ հարմարեցումների միջոցով։
Ընդհանուր առմամբ, ծրագրին կմասնակցեն ՃՇՀԱՀ Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների չորրորդ կուրսի շուրջ 150 ուսանող։