(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ  ՀԵՏ

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ու շինարարության, քաղաքային տնտեսության և էկոլոգիա  ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև աշխատակազմի ղեկավար Հ․ Հովեյանը, ՃՇՀԱՀ քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, շինարարության ֆակուլտետների դեկանները։ Հանդիպման սկզբում ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ ավանդույթ դարձած հանդիպումները շարունակվում են համալսարանի ղեկավարության ու առաջինկուրսեցիների հետ.  «Հարգելի՛ պարոն Վարդանյան, այս հանդիպումները շատ կարևոր են ուսանողների, մասնավորապես առաջինկուրսեցիների համար։ Սա լավ հնարավորություն բարձրաձայնելու ուսումնական գործընթացին առնչվող բազմաբնույթ հարցեր ու քննարկելու նոր գաղափարներ։ Վստահ եմ, որ այս հանդիպումները կլինեն շարունակական, և համալսարանի ղեկավարության հետ շփումները կտան ցանկալի արդյունք»:

ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Վարդանյանը շնորհավորեց ուսանողներին համալսարան ընդունվելու կապակցությամբ։ «Համալսարանը հնարավոր ամեն ինչ կանի, որ ուսանողն ունենա արդյունավետ ուսումնառություն, և ձեր ուսանողական տարիները հագեցած լինեն գիտելիքներով ու ձեռք բերած նոր հմտություններով։ Դուք հնարավորություն կունենաք անվճար սովորելու օտար լեզուներ, նախագծահաշվարկային ծրագրեր, ինչպես նաև ուսում ստանալու արտասահմանում: Եվ այս ամենի համար ձեզնից պահանջվելու է բարձր առաջադիմություն ու կարգապահություն»,− իր խոսքում ընդգծեց ռեկտորը։

Հանդիպմանը շնորհավորական խոսքով հանդես եկան ֆակուլտետների դեկանները։ Վերջիններս շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և կարևորեցին ուսանողների ակտիվ մասնակցությունը դասախոսություններին ու կազմակերպվող  միջոցառումներին:

Հանդիպման վերջում ուսանողները ռեկտորին ուղղեցին  իրենց հուզող հարցերը՝ ծավալելով հետաքրքիր քննարկում։ Ռեկտորը աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց կարճ ժամանակում լուծումներ տալու ուսանողների կողմից բարձրացված հարցերին և ֆակուլտետի դեկանների ու ՈՒԽ-ի միջոցով իրազեկել ուսանողներին, իսկ ուսանողներին հորդորեց կատարել իրենց պարտականությունները՝ հետևողական լինելով ուսումնական գործընթացի նկատմամբ և մշտապես բարձրաձայնելով մտահոգող բոլոր խնդիրների մասին։

25.10.22