Այսօր հարյուրավոր 12-րդ դասարանցիներ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցներին՝ հասուն մտքով և գիտակցությամբ, որ առջևում մեծ կյանքն է՝ նոր հետաքրքրություններով, խոչընդոտներով ու պատասխանատվությամբ:
Վերջինզանգյան եռուզեռ էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Շրջանավարտներին շնորհավորելու և իրենց բարեմաղթանքները հղելու էին եկել ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, հյուրեր ու ծնողներ:
Ավարտականների զգացումները, ոգևորությունն ու հուզմունքը նույնն էր՝ հպարտ էին, որ հենց իրենց դպրոցի շրջանավարտներն են, հպարտ էին, որ ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացիներ են և լիահույս, որ այսուհետև իրենց կրթությամբ և ընտրած մասնագիտությամբ իրենց ներդրումը նույնպես ունենալու են հպարտ երկրի շենացման, հզորացման գործում:
Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտները, ինչպես յուրաքանչյուր միջոցառմանը, այնպես էլ Վերջին զանգին, չէին շրջանցել մեր երկրի սահմանները պահող ու Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին: Հիշեցին, խոնարհվեցին, երախտիքի ու հպարտության խոսքեր հնչեցրին: Այնուհետև, երգ ու պար, թատերականացված ներկայացում, դպրոցական օրերի հուշեր և շնորհակալություն ուսուցիչներին:
Այսպիսին էր ավարտական ցերեկույթի խճանկարը, որում յուրաքանչյուր աշակերտի դեմքին դրոշմված էր իր վստահ քայլն արած Նոր Հայաստանի հպարտ քաղաքացու կնիքը: