ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ՙՏրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում՚ արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, թույլ կտա շինարարական կազմակերպությունների հետ իրականացնել տեխնիկական համագործակցություն՝ շինանյութերի, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում:
Ծրագրի շրջանակում կիրականացվի նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով մեր համալսարան այցելած ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն՚ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջեցին նոր լաբորատորիայի համար առանձնացված և ամբողջովին վերանորոգված տարածքներում, ծանոթացան արդիական համակարգչային, լաբորատոր սարքերին ու սարքավորումներին: Խմբի անդամները դիտարկեցին ձեռք բերված պարագաների համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև քննարկեցին ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառությանն առնչվող մի շարք հարցեր ու ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողություններ:
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը նշեց, որ գիտությունը չի կարող բավարարվել միայն լսարաններում տեսական հիմնավորումներ կատարելով և ստեղծվող ենթակառուցվածքներում այսուհետև կիրականացվեն այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ:
Հավելենք, որ ծրագրի այս փուլում արդեն իսկ իրականացվել և ընթացքում է «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» մասնագիտացումների գծով կրթության բովանդակության բարելավումը: Մասնավորապես, ավարտին են հասցվել երկու ձեռնարկների և երեք ուղեցույցների մշակման աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել են «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ թվայնացման նպատակով անհատ խորհրդատուների ընտրության մրցույթների արդյունքները: