Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատն ամփոփեց իր աշխատանքը։ Տեղի ունեցավ ռեկտորատի՝ ուսումնական տարվա վերջին նիստը, որը վարում էր ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը։
Ներկաներն ամփոփեցին 2019-2020 ուստարվա գարնանային քննաշրջանի I լուծարքային շրջանի արդյունքները, անդրադարձան արձանագրած հաջողություններին ու գալիք ուսումնական տարվա ծրագրերին:
Անդրադառնալով երկրում համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կազմակերպված հեռավար ուսուցմանը՝ պարոն Վարդանյանը դրական և արդյունավետ որակեց բուհի առջև դրված բոլոր գործառույթների իրականացումը՝ սկսած դասընթացների կազմակերպումից մինչև ավարտական և ընդունելության քննություններ։
Ստեղծված պայմաններում ուսումնական տարին բարեհաջող ամփոփելուց հետո՝ պարոն Վարդանյանը համալսարանի անձնակազմին շնորհակալություն հայտնեց նպատակային և բեղմնավոր աշխատանքի համար և բոլորին առողջ ու բարի հանգիստ մաղթեց։