“Это искусство, ի՞նչ խզբզ”, — հիացմունքը չզսպելով կիսեց գործընկերոջ՝ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի կարծիքը Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը:
Այսօր համալսարանում գեղարվեստական խառնաշփոթ առաջացրած «Խզբզ»-ը Դիզայնի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և Ուսանողական խորհրդի փոխնախագահ Նոննա Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսն էր, որն իր տեսակով յուրահատուկ ու, ինչպես, Նոննան ինքը խոստովանեց, հարցեր առաջացնող է:
«Ինչո՞ւ խզբզ և ինչո՞ւ այդքան շատ պապիկներ»: Իր իսկ հնչեցրած հարցերին Նոննան անկեղծանալով պատասխանեց. «Խզբզ, որովհետև դա յուրահատուկ է և այնքան լուրջ չէ, որ քննադատության ու բացասական արձագանքի արժանա, և պապիկներ, որովհետև ես իրենց, պարզապես, շատ եմ սիրում»:
Ինքնանկարից մինչև մեծանուն դերասաններ, ճարտարապետներ, գրողներ, ռեժիսորներ ու դասախոսներ: Ներկայացված 60-ից ավելի աշխատանքներում գերակշիռ մասը պապիկների դիմագծեր են: Հեղինակն ասում է, որ անընդհատ փորձում է խոսուն հայացք գտնել, և նկարելու է այնքան, մինչև այն գտնի:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորեց Նոննա Հովհաննիսյանին՝ նշելով, որ մեր համալսարանը ոչ միայն կրթական գործառույթ է իրականացնում, այլ նաև՝ ուսանողներին շրջապատում ստեղծագործ միջավայրով, հետևաբար նմանօրինակ միջոցառումները պետք է ավանդական ու շարունակական լինեն:
Համալսարանի 3-րդ հարկի արվեստանոցում (2341 սենյակ) բացված ցուցահանդեսի նմուշներով հնարավոր կլինի հիանալ մինչև փետրվարի 19-ը: