(010) 303-300

ՆՇԵՑԻՆՔ ՋԳՄՕ ԱՄԲԻՈՆԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իսկական տոն էր, տարեդարձ: Նշում էինք «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնի 70 ամյակը:

Դեռևս 1949թ-ին, երբ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվեց «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» մասնագիտական ամբիոնը,  դասախոսական անձնակազմի պակաս կար: Սակայն, նպատակները հեռահար էին, իսկ կայացած ու պրոֆեսիոնալ մասնագետներով ամբիոնը զինելու ցանկությունը՝ մեծ: Հետևաբար՝ Կաթսայական կայանքների և գազամատակարարման առարկաների դասավանդման համար պրոֆեսորներ հրավիրվեցին Լենինգրադից և Բաքվից:  Իսկ արդեն 1954թ-ին, երբ ամբիոնի առաջին 25 շրջանավարտները փայլուն կերպով պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները, և որոնցում ներկայացված շատ դրույթներ հետագայում ներդրվեցին արտադրության մեջ, ակնհայտ դարձավ, որ ջանքերն իզուր չէին. ամբիոնը կայացած էր և երկար, հաջողություններով ու հայտնություններով պսակված ճանապարհ ուներ անցնելու:

 

Այսօր, ամբիոնի 70 ամյակին նվիրված միջոցառմանը ներկա հյուրերի երախտիքի ու շնորհավորանքների խոսքերը, բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերն ապացույցն էին այն բանի, որ մեր համալսարանի ՋԳՄՕ ամբիոնն անգերազանցելի է:

Շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ ասվածը փաստեց նաև ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը. «Ես բազմաթիվ հեղինակավոր համալսարաններում եմ եղել և այսօր կարող եմ վստահ ասել, որ ՃՇՀԱՀ-ի «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնն իր սարքավորումների հագեցվածությամբ, բանիմաց ու պատրաստված մասնագետներով չի զիջում ոչ մի համալսարանի նման ամբիոնի»,- նկատեց Վ. Վերմիշյանը՝ հիշելով իր ուսանողական տարիները, ՋԳՄՕ ամբիոնի առարկաների նկատմամբ իր սերը և Քաղաքաշինության կոմիտեի կողմից ամբիոնին՝ 70-ամյա հոբելյանի առթիվ, պարգևատրեց Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալով:

 

Հյուրերին իր ողջույնի խոսքը հղեց նաև ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով, առաջին հերթին կարևորեց այս ամբիոնի պատրաստած մասնագետների դերը բոլորիս կյանքում, մասնագետներ, որոնք ապահովում են մեր կենցաղն ու գոյատևումը, լուծում ջերմության, զովության ու հարմավետության խնդիրները. «Հայ շինարարը դեռ անհիշելի ժամանակներից կառուցել և լուծել է շինությունների, կացարանների էներգախնայողության, օդափոխության, ջեռուցման, ձայնամեկուսացման և բազմաթիվ այլ խնդիրներ: Այս մասնագիտություններն ընտրած յուրաքանչյուր ուսանող առաջին իսկ օրվանից պետք է ունենա այն գիտակցությունը, որ կոչված է մարդկանց անվտանգությունը, բարեկեցությունը և հարմարավետությունն ապահովելու համար»,- նշեց ռեկտորը՝ նաև հիշելով ամբիոնի նախկին վարիչներին ու շնորհակալություն հայտնեց ներկայիս վարիչ Աննա Քարամյանին՝ իր աշխատանքային փորձն ու գիտելիքներն ամբիոնի բարգավաճման գործում ներդնելու, մասնագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձրացնելու և աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստման համար։

Այսօր ամբիոնի տրամադրության տակ են գտնվում ճանաչողական, ուսուցողական նշանակության գերհզոր սարքավորումներով հագեցած և կահավորված 4 լաբորատորիաներ՝ «Ջեռուցման և օդափոխություն», «Հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային համակարգեր», «Էներգաարդյունավետություն», «Գազամակարարում»: Այս ամենը մեր համալսարանում իրականություն դարձնելու համար ռեկտոր Գալստյանը շնորհակալություն հայտնեց համաշխարհային ճանաչում ունեցող «Միցուբիշի Էլեկտրոնիկս»  ընկերությանը, «Կոնսել ՍՊԸ» -ին, «Թերմոռոս Ար» ընկերությանը, «Յագա» դիզայն ռադիատորների ընկերությանը, «Գազպրոմ Արմենիային», «Շտիգեն» ընկերությանը, «Վենջ Ինջիներգ» և «Էյր Քոնսալթինգ» ընկերություններին, ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակին, որոնց, սերտ համագործակցության համար, համալսարանի կողմից հանձնեց շնորհակալագրեր:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ամբիոնի նախկին շրջանավարտները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ոլորտի ներկայացուցիչներ: Շնորհավորանքներով հանդես եկան նաև նաև ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի փոխնախագահ Ալեքսանդ Բադալյանը, վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները: 

Եվ վերջում, ի՞նչ տարեդարձ՝ առանց պարգևների: Ամբիոնի պրոֆեսորներին՝ ոլորտում ներդրած ավանդի համար, համալսարանը պարգևատրեց շնորհակալագրերով:

01.11.19