Արդեն 5-րդ տարին անընդմեջ իրականացվում է «Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակը» մրցույթը՝ ՃՇՀԱՀ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողների համար։
Վեներա Մարգարյանը եղել է ՃՇՀԱՀ հարգարժան պրոֆեսոր, և 2012-2015 թթ. ղեկավարել է Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը: Տիկին Մարգարյանի նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ այսօր ամբիոնը տալիս է այնպիսի շրջանավարտներ, որոնք իրենց տեղն են գտնում արդի աշխատաշուկայում:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որին ներկա էին Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ՃՇՀԱՀ Շինարարության դեկան Արամ Սահակյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի աշխատանքները համակարգող Սամվել Կրոյանը, տիկին Մարգարյանի ընտանիքի անդամները, ամբիոնի դասախոսները և հաղթող ուսանողի համակուրսեցիները։
Միջոցառման սկզբում Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը հայտնեց կրթաթոշակը հաղթող ուսանողի անուն-ազգանունը՝ Շինարարության ֆակուլտետի «Ինժեներական գեոդոզիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նաիրի Խաչատրյան։ Այնուհետև պարոն Սահակյանը Վեներա Մարգարյանի բարեկամուհու հետ միասին կրթաթոշակը հանձնեցին հաղթող ուսանողին:
Ամփոփիչ ելույթում պրոռեկտոր Վարդգես Եդոյանը նշեց, որ սա ևս մեկ առիթ է արժևորելու տիկին Մարգարյանի անգնահատելի ներդրումը և մարդկային տեսակը: Նա եղել է լավ դասախոս, ընտանիքի սիրված անդամ, գործընկեր, պատասխանատու անձնավորություն և այսպիսի մրցանակները ունեն եռակի իմաստ. խրախուսվում են երիտասարդ մասնագետները՝ առաջադիմության համար, ձևավորվում է լավ ավանդույթ և արժևորվում են համալսարանի նվիրյալները: Անդրադառնալով ուսանողին պարոն Եդոյանը նշեց, որ նա խելացի անձնավորություն է, և վստահեցրեց, որ կրթաթոշակը կծառայի իր նպատակին:
ՃՇՀԱՀ ուսանողը նշեց, որ կրթաթոշակը բարեգործական նպատակով տրվելու է իրենց գյուղում բնակվող Արցախից բռնի տեղահանված մի ընտանիքի, իսկ Մարգարյանների ընտանիքի ներկայացուցիչը նշեց, որ նման նախաձեռնության համար ինքը պատրաստ է կրկնապատկել կրթաթոշակը: