(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ Է ՓԱԿՑՎԵԼ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Միջազգային ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Աշոտի Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, հուշատախտակի հեղինակ ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և այլ պատվավոր հյուրեր

Վաստակավոր ճարտարապետը երկարամյա գիտամանկավարժական գործունեություն է ծավալել ՃՇՀԱՀ-ում՝ լինելով Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, հետագայում նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 

Յուրի Սաֆարյանը կարևոր դերակատարում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման գործում: Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով 1991թ. կազմավորվել է դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհուրդը, որի նախագահն էր երկար տարիներ: 

Յուրի Սաֆարյանը Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 21 գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ և ղեկավար էր, ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց է ունեցել միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավաննա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին Տպագրել է 315 գիտական և նախագծային աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն, 15 գյուտ:

18.09.23