(010) 303-300

ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության նիստը, որին մասնակցում էր նաև  աշխարհահռչակ հայազգի գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ Սերգեյ Մինասյանը հայտարարեց, որ աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի» կոչում և հանձնեց ակադեմիայի դիպլոմն ու բարձրագույն պարգևը՝ ոսկե մեդալը:

Նիստի ընթացքում Յուրի Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ ելույթներ ունեցան նախագահության անդամներ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը,  «Հայ ատոմ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը, Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

ՃՇՀԱՀ գիտական խորհրդի քարտուղար Լևոն Լևոնյանը, ողջունելով հյուրերին, նշեց․ «Ուրախ ենք, որ համալսարանում հյուրընկալել ենք աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին։ Բոլորին հայտնի է, որ Մենդելևի աղյուսակում նոր հայտնված տարրերից մեկի անունը կրում է մեր հայրենակցի՝ Յուրի Հովհաննիսյանի (Օգանեսոն) անունը։ Մեր համալսարանի տարեգրության մեջ այս այցը հիշարժան է և, անշուշտ, մեր երիտասարդ սերնդին կոգևորի՝ գիտության ոլորտում նոր ձեռքբերումներ ունենալու համար»:

Յուրի Հովհաննիսյանը  շնորհակալություն հայտնեց հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր  համար շատ ուրախալի է  գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, քանի որ իր երազանքն  է եղել դառնալ ճարտարապետ․ երիտասարդ տարիքում ընդունվել է Մոսկվայի ճարտարապետական համալսարան, սակայն ուսումը չի շարունակել այդ ուղղությամբ:

 

 

 

11.11.22