ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ-ում իրականացավ Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակում, նախագծի տարբերանշանի (լոգոտիպի) մշակման նպատակով, ուսանողների համար հայտարարված մրցույթի արդյունքներով վկայականների, դիպլոմների և հեղինակային ձեռագործ հուշանվերների հանձնման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը։ Վերջինս կարևորեց նման միջոցառումներին ուսանողների մասնակցությունը՝ հավելելով, որ սա նաև համալսարանի աշխատակիցների հոգատարության և հետաքրքրվածության արդյունքն է:
Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց T-GREEN նախագծի նպատակը և խնդիրները:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը։ T-GREEN նախագծի շրջանում հաղորդակցումը համակարգող Իրինա Վանյանը հյուրերին ներկայացրեց իրականացվող միջոցառման նպատակը։
Մրցույթին մասնակցած 30 ուսանողները ստացան վկայականներ։ Դիպլոմների արժանացան՝ Դ02-2 խմբի ուսանողուհի Իրինա Ավետիսյանը (ղեկավարներ՝ Կ․ Մարգարյան, Մ․ Գաբրիելյան)՝ առաջին մրցանակի, Դ12-2 խմբի ուսանողուհի Քրիստինե Խանամիրյանը (ղեկավար՝ Ի․ Մալաջյան) և Լաուրա Հարությունյանը (ղեկավար՝ Կ․Մարգարյան)՝ երկրորդ մրցանակի համար։ Առաջին և երկրորդ մրցանակների արժանացած ուսանողներին և նրանց ղեկավարներին հանձնվեցին Իրինա Վանյանի ձեռագործ հեղինակային հուշանվերները, որոնք խորհրդանշում են T-GREEN նախագծի հիմնական նպատակը, որն է՝ կրթական ծրագրերում կանաչ տեխնոլոգիաների ներդաշնակության ապահովումը։