ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին կոչել է մշակութային կրթության տարի, որի նպատակն է ընդգծել մշակույթի դերն ու նշանակությունը կրթական համակարգում։ Այս նախաձեռնության շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում են բազմազան նախագծեր՝ համադրելով կրթությունն ու մշակույթը, նպաստելով աշակերտների ստեղծագործական ու ինքնադրսևորման հմտությունների զարգացմանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը այս նախաձեռնությանը միացավ յուրահատուկ ոգեշնչմամբ՝ կազմակերպելով «Մշակույթի օր» խորագրով անդրանիկ միջոցառում, որն ամփոփեց ուսումնական տարվա ընթացքում աշակերտների ստեղծագործական ձեռքբերումները։
Միջոցառումը մեկնարկեց տպավորիչ համերգային ծրագրով, որտեղ դպրոցի աշակերտները հանդես եկան իրենց երաժշտական և պարային կատարումներով՝ հանդիսատեսին փոխանցելով ջերմություն ու բարձր տրամադրություն։ Համերգային մասը համադրվեց դպրոցի ճարտարապետության և դիզայնի հոսքերի աշակերտների սիրողական աշխատանքների ցուցադրությամբ։ Ներկայացված ստեղծագործությունները արտացոլում էին երիտասարդների գեղարվեստական մոտեցումն ու նրանց ինքնատիպ հայացքը ժամանակակից մշակութային արժեքներին։